# Անհատական խորհրդատվություն

By [«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն](https://turn.am/business/ayg-hvogebanakan-tsarayvouthyvounneri-kentrvon/detail) · Category: [Հոգեբանական ծառայություններ](https://turn.am/category/hogeban)

**Price from** 15000 AMD

Հոգեբանական անհատական խորհրդատվությունը մասնագիտական աջակցություն է հոգեպես առողջ մարդուն, ով կյանքի որոշակի փուլում ունի հոգեբանական խնդիրներ, դժվարություններ կամ պարզապես ձգտում է ինքնաճանաչման և ինքնակատարելագործման: Հոգեբանական խորհրդատվությունն իրականացվում է հոգեբանի հետ կանոնակարգված հանդիպումների ձևով, այն ուղղված է այցելուի խնդիրների, դժվարությունների հստակեցմանը, հայցի ձևակերպմանը, ներքին ռեսուրսների, հնարավորությունների բացահայտմանը, խնդիրների հաղթահարման մարտավարության մշակմանը և դրա համար անհրաժեշտ հոգեբանական աշխատանքի պլանավորմանը: Հոգեբանական խորհրդատվությունը կարճաժամկետ հոգեբանական աջակցության ձև է՝ 1-ից մինչև 15 հանդիպում: Երբեմն հենց առաջին հանդիպումից անձը գտնում է իր հարցերի պատասխանները և մշակում դժվար իրավիճակից դուրս գալու սեփական տարբերակները, իսկ երբեմն այդ գործընթացը ավելի շատ ժամանակ է պահանջում: Հոգեբան-խորհրդատուն իր աշխատանքի ընթացքում առաջնորդվում է այն սկզբունքով, որ այցելուն ունի իր խնդիրների լուծման համար անհրաժեշտ բոլոր ներքին ռեսուրսները, պարզապես նրա համար դժվար է ինքնուրույն կերպով բացահայտել սեփական կարողությունների և հնարավորությունների ողջ պաշարը: Առավել դժվար է վերհանել անլուծելի թվացող խնդրի սկզբնաղբյուրն ու իրական դրդապատճառները, որոնք շատ հաճախ թաքնված են լինում անգիտակցականի խորը շերտերում: Առանց մասնագետի օգնության՝ հաճախ անհնար է դառնում տեսնել իրավիճակի ամբողջական պատկերը, օբյեկտիվ գնահատել կատարվածը և խնդրին սպառիչ լուծում տալ: Հոգեբանի հետ հանդիպումների ընթացքում, լիարժեք վստահության մթնոլորտում, այցելուն ազատ և անկաշկանդ քննարկում է իրեն հուզող բոլոր հարցերը: Խորհրդատվության բարենպաստ մթնոլորտը մղում է այցելուին ինքնահետազոտման և բոլոր այն բացասական գործոնների գիտակցման, որոնք խաթարում են նրա հոգեկան ներդաշնակությունը: Այցելուի անձի նկատմամբ հոգեբանի անքննադատ վերաբերմունքն ու խորը հարգանքը հիմք են հանդիսանում նրանց միջև անկեղծ հարաբերությունների հաստատման համար: Վստահելի հարաբերությունների ձևավորմանը մեծապես նպաստում է նաև հոգեբանի բարոյաէթիկական ամենակարևոր սկզբունքներից մեկը, այն է՝ այցելուի հետ հանդիպումների գաղտնիության ապահովումը: Դա նշանակում է, որ այցելուի տրամադրած ցանկացած ինֆորմացիա գաղտնի է և չի տրամադրվում երրորդ անձին: Հոգեբան-այցելու փոխհարաբերությունները, իրենց յուրահատուկ բնույթով, արդեն իսկ ունեն թերապևտիկ ազդեցություն այցելուի համար: Խորհրդատվական հանդիպումների ժամանակ ուշադիր լսելով, դիտելով, զննելով և հարցեր ուղղելով այցելուին՝ հոգեբանը կոնկրետացնում, հստակեցնում է նրա խնդրի իրական բնույթը, դրա լրջության աստիճանը, առաջացման պատճառները: Այդ ամենը պարզաբանելուց հետո հոգեբանը այցելուի հետ սկսում է քննարկել, թե ինչ իրատեսական և օպտիմալ տարբերակներ կան խնդիրը լուծելու համար: Հոգեբանական խորհրդատվության ընթացքում այցելուին տրվում է ակտիվ դեր՝ իր խնդիրների հասկացման, լուծումներ փնտրելու և որոշումներ կայացնելու հարցում: Պատրաստի խորհուրդներ, լուծումներ և գնահատականներ տալու փոխարեն հոգեբանը հատուկ խոսքային տեխնիկաներով և մեթոդներով ակտիվացնում է այցելուին՝ իր մեջ փնտրելու շատ հարցերի պատասխանները, վերանայելու իր դիրքորոշումներն ու արժեքները, այլ դիտակետից նայելու իր կյանքին և ներաշխարհին, առավել լայն և համակողմանի ճանաչելու սեփական Ես-ը: Հոգեբանը բարձրացնում է սեփական կյանքի և որոշումների նկատմամբ այցելուի պատասխանատվության զգացումը, ինչպես նաև իր կյանքի միակ տերը լինելու գիտակցումը: Հոգեբանն առանջնորդվում է այն սկզբունքով, որ անկախ և պատասխանատու անձը համապատասխան իրավիճակներում ի զորու է ինքնուրույն որոշում կայացնել, հետևաբար՝ նա խրախուսում է այցելուի ազատ կամքի դրսևորումը:

## Locations
- 40, Մեսրոպ Մաշտոց պողոտա, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/hogebanakan-carayutyun-ayg/detail
