Որոնման համակարգերում կայքի օպտիմալացումը՝ SEO-ն (Search Engine Optimization), մարքեթինգային հզոր գործիք է, որը տալիս է կայուն ու երկարատև արդյունք՝ ապահովելով կայքի դիրքերը, ցուցադրություններն ու թրաֆիկը: Իսկ այդ արդյունքին հնարավոր է հասնել արդյունավետ SEO ռազմավարության և իհարկե, SEO-ի գլխավոր շարժիչ ուժի՝ կոնտենտի միջոցով:

Ինչո՞ւ է կոնտենտը կարևոր SEO-ի համար

Որքան էլ կարևոր լինեն կայքի տեխնիկական պարամետրերը, և որքան էլ տարածված լինեն հետադարձ հղումների (backlink) ամենազորության մասին առասպելները, միևնույնն է, SEO-ն չի կարող հաջողության հասնել առանց որակյալ և ամենակարևորը՝ նպատակային բովանդակության։ Եվ ահա թե ինչու․

1. Բանալի բառեր

SEO-ն առաջին հերթին բառերի մասին է: Օգտատերերը որոնում են բառերի միջոցով, իսկ որոնողական համակարգերը վերլուծում են էջի բովանդակությունը՝ այնտեղ եղած բառերի միջոցով հասկանալով, թե ինչի մասին է էջը, և համապատասխանության դեպքում ցուցադրում են որոնման արդյունքներում: Հենց այստեղ է թաքնված հաջողության բանալին՝ ճիշտ ընտրված բանալի բառեր (հիմնաբառեր) և դրանց խելամիտ գործածություն վերնագրերում, ենթավերնագրերում, տեքստում, մետա և alt թեգերում: Միևնույն ժամանակ, սակայն, սխալ ընտրված հիմնաբառերը, դրանց չարաշահումը կամ կոնտենտի անորակ լինելը չեն կարող փրկել դրությունը և կարող են հակառակ արդյունքի հանգեցնել:

2. Արժեքավորություն

Բանալի բառերից զատ, որոնման համակարգերը մեծ ուշադրություն են դարձնում կոնտենտի եզակիությանն ու արժեքավորությանը. արժեքավոր, հանգամանալից ներկայացված, արդիական բովանդակությունը միշտ անհերքելի առավելություն է տալիս կայքին:

Այն բովանդակությունը, որը տեղեկությունները ներկայացնում է համակողմանիորեն՝ շոշափելով հարակից բոլոր թեմաները, հղումներ է տալիս հավաստի աղբյուրներին, և միևնույն ժամանակ հետաքրքիր է, արդիական ու պահանջված, ստիպում է, որ ընթերցողները երկար մնան կայքում, ուսումնասիրեն նյութն ամբողջությամբ, անցնեն հղումներով: Որպես արդյունք՝ որոնման համակարգն ազդակներ է ստանում կայքի օգտակարության վերաբերյալ, ինչը դարձյալ նպաստում է կայքէջի վարկանշմանը:

3. Ներգրավվածություն

Կայքի բովանդակությունը չպետք է միայն ապրանք կամ ծառայություն վաճառելու մասին լինի: Որոնման համակարգերից առավել շատ այցելություններ ունենալու և օգտատերերի ներգրավվածությունն ապահովելու հիանալի միջոց է կանոնավոր բլոգ վարելը: Հնարամտություն դրսևորելով և բլոգում որոնողների հարցերին պատասխանող թեմաներով հոդվածներ հրապարակելով հնարավոր է ոչ միայն շատ այցելուներ բերել կայք և պահել նրանց կայքում, այլև՝ հոդվածների միջոցով հղում տալ կայքի նպատակային էջերին և այցելուներին վերածել պոտենցիալ գնորդների:

4. Հետադարձ հղումներ (backlinks)

Սա, իհարկե, ամենակարևորը չէ, բայց չենք մոռանում նաև այս մասին: Ոչ միշտ է հաջողվում ունենալ այնպիսի բովանդակություն, որն ընթերցողներին կստիպի տարածել նյութը այլ հարթակներում, սակայն եզակի և պահանջված կոնտենտ ունենալն, այնուամենայնիվ ստիպում է այդ անել: Փորձագիտական եզրակացությունները, վերլուծությունները, խորհուրդները, ուղեցույցները և նմանատիպ օգտակար բովանդակությունը կարող են օրգանիկ կերպով տարածվել՝ ստեղծելով բնական ու անվճար ստացված հետհղումներ:

Կոնտենտ + SEO = կայքի հաջողության գրավական

Գրագետ, արդյունավետ SEO ռազմավարությունն ու բանալի բառերով օպտիմալացված կոնտենտը կարող են երաշխավորել կայքի հաջողությունը և տևական արդյունքը որոնման համակարգերում: SEO-ն մարքեթինգի այն եզակի տեսակներից է, որն աշխատում է ձեր բիզնեսի օգտին նույնիսկ այն ժամանակ, երբ դուք չեք մտածում մարքեթինգի մասին և ոչինչ չեք պլանավորում: 

Մտածված կոնտենտ մարքեթինգի արդյունքում կայքը դառնում է ոչ միայն ծառայություն առաջարկող կամ ապրանքներ վաճառող հարթակ, այլ նաև օգտակար ռեսուրս, որն օգնում է օգտատերերին և վերածվում է վստահելի աղբյուրի՝ նպաստելով նաև բիզնեսի հեղինակության աճին:

Ամփոփենք

Կոնտենտը պարզապես տեքստ չէ, որը ոչ ոք չի կարդում, ոչ էլ բառերի հավաքածու է՝ որոնման համակարգերին մոլորեցնելու նպատակով: Կոնտենտը SEO ռազմավարության էությունն է։ Արժեքավոր, օպտիմալացված և օգտատերերի կարիքներին արձագանքող բովանդակությունը ոչ միայն օգնում է որոնողական համակարգերում բարձր դիրք ունենալուն, այլ նաև կարող է այցելուներին վերածել իրական հաճախորդների։

Եվ վերջում՝ որքան էլ բանալի բառերը կարևոր լինեն, կոնտենտը պետք է ստեղծել նախ՝ մարդկանց համար, և ապա՝ օպտիմալացնել որոնման համակարգերի համար: