Ընտանեկան խորհրդատվությունը հոգեբանական աշխատանքի մի յուրահատուկ ձևաչափ է, որը նպատակ ունի կանխարգելել, վերականգնել խաթարված միջանձնային հարաբերությունները, զարգացնել բարենպաստ հարաբերություններ, հաղթահարել ընտանիքի անդամների կամ անդամներից մեկի մոտ առկա հուզական խնդիրները: Ընտանեկան հոգեթերապիան հոգեբանական աջակցություն է ընտանիքին և ընտանիքի միջոցով: Այն ուղղված է ընտանիքի բոլոր անդամների համար անձնային աճի հնարավորության ստեղծմանը, ընտանեկան դերերի, դիրքերի վերաիմաստավորմանը: Խորհրդատվության այս տեսակը կիրառվում է նաև ամուսնալուծության շրջանում, ինչպես նաև ծնող-երեխա փոխհարաբերությունների շրջանակներում:
Ընտանեկան խորհրդատվության ընթացքում կիրառվող մեթոդների և տեխնիկաների ընտրությունը մեծ մասամբ պայմանավորված է հոգեբանի/հոգեթերապևտի մասնագիտական, տեսական կողմնորոշումով (հոգեվերլուծական, կոգնիտիվ-վարքային, գեշտալտ և այլն):
Զույգերի խորհրդատվությունը ընտանեկան խորհրդատվության տարատեսակներից մեկն է, որի հոգեթերապևտիկ ազդեցության, միջամտության հիմնական օբյեկտն են հանդիսանում զույգերի միջև խաթարված միջանձնային հարաբերությունները և հոգեսեռական խնդիրները:
Զույգերի խորհրդատվությունը կարող է կիրառվել նաև հարաբերությունների նախնական փուլում` զույգերի հոգեբանական համատեղելիությունը պարզելու համար:
Ընտանեկան խնդիրների հաղթահարման հայցով կարող է դիմել ընտանիքի անդամներից մեկը և ստանալ հոգեբանական աջակցություն: Ընտանեկան խնդիրների դեպքում, ելնելով հայցի առանձնահատկություններից, առավել արդյունավետ է զույգի, ծնող-երեխա կամ ընտանեկան հանդիպումների ձևաչափը:
Եթե իրականացվում է ընտանեկան կամ զույգի խորհրդատվություն և առաջանում է նաև անհատական հոգեբանական աշխատանքի անհրաժեշտություն, ապա ընտանիքի անդամը այն անցնում է այլ մասնագետի մոտ, զույգի կամ ընտանեկան խնդիրների հետ աշխատում է մեկ մասնագետ, իսկ անհատական խորհրդատվությունն իրականացնում է մեկ ուրիշ մասնագետ: Նույն մասնագետը չի կարող միաժամանակ իրականացնել և’ զույգի, և’ զույգերից մեկի անհատական խորհրդատվությունը: