Անհատական խորհրդատվություն

0.0 ( 0 կարծիք )

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն
3 ծառայություններ 0.0

Երկուշաբթի 10:00 - 21:00
Երեքշաբթի 10:00 - 21:00
Չորեքշաբթի 10:00 - 21:00
Հինգշաբթի 10:00 - 21:00
Ուրբաթ 10:00 - 21:00
Շաբաթ 10:00 - 21:00
Կիրակի Փակ է

Հոգեբանական անհատական խորհրդատվությունը մասնագիտական աջակցություն է հոգեպես առողջ մարդուն, ով կյանքի որոշակի փուլում ունի հոգեբանական խնդիրներ, դժվարություններ կամ պարզապես ձգտում է ինքնաճանաչման և ինքնակատարելագործման: 

Հոգեբանական խորհրդատվությունն իրականացվում է հոգեբանի հետ կանոնակարգված հանդիպումների ձևով, այն ուղղված է այցելուի խնդիրների, դժվարությունների հստակեցմանը, հայցի ձևակերպմանը, ներքին ռեսուրսների, հնարավորությունների բացահայտմանը, խնդիրների հաղթահարման մարտավարության մշակմանը և դրա համար անհրաժեշտ հոգեբանական աշխատանքի պլանավորմանը: 

Հոգեբանական խորհրդատվությունը կարճաժամկետ հոգեբանական աջակցության ձև է՝ 1-ից մինչև 15 հանդիպում: Երբեմն հենց առաջին հանդիպումից անձը գտնում է իր հարցերի պատասխանները և մշակում դժվար իրավիճակից դուրս գալու սեփական տարբերակները, իսկ երբեմն այդ գործընթացը ավելի շատ ժամանակ է պահանջում:

Հոգեբան-խորհրդատուն իր աշխատանքի ընթացքում առաջնորդվում է այն սկզբունքով, որ այցելուն ունի իր խնդիրների լուծման համար անհրաժեշտ բոլոր ներքին ռեսուրսները, պարզապես նրա համար դժվար է ինքնուրույն կերպով բացահայտել սեփական կարողությունների և հնարավորությունների ողջ պաշարը:

Առավել դժվար է վերհանել անլուծելի թվացող խնդրի սկզբնաղբյուրն ու իրական դրդապատճառները, որոնք շատ հաճախ թաքնված են լինում անգիտակցականի խորը շերտերում: Առանց մասնագետի օգնության՝ հաճախ անհնար է դառնում տեսնել իրավիճակի ամբողջական պատկերը, օբյեկտիվ գնահատել կատարվածը և խնդրին սպառիչ լուծում տալ:

Հոգեբանի հետ հանդիպումների ընթացքում, լիարժեք վստահության մթնոլորտում, այցելուն ազատ և անկաշկանդ քննարկում է իրեն հուզող բոլոր հարցերը: Խորհրդատվության բարենպաստ մթնոլորտը մղում է այցելուին ինքնահետազոտման և բոլոր այն բացասական գործոնների գիտակցման, որոնք խաթարում են նրա հոգեկան ներդաշնակությունը:

Այցելուի անձի նկատմամբ հոգեբանի անքննադատ վերաբերմունքն ու խորը հարգանքը հիմք են հանդիսանում նրանց միջև անկեղծ հարաբերությունների հաստատման համար: Վստահելի հարաբերությունների ձևավորմանը մեծապես նպաստում է նաև հոգեբանի բարոյաէթիկական ամենակարևոր սկզբունքներից մեկը, այն է՝ այցելուի հետ հանդիպումների գաղտնիության ապահովումը: Դա նշանակում է, որ այցելուի տրամադրած ցանկացած ինֆորմացիա գաղտնի է և չի տրամադրվում երրորդ անձին: Հոգեբան-այցելու փոխհարաբերությունները, իրենց յուրահատուկ բնույթով, արդեն իսկ ունեն թերապևտիկ ազդեցություն այցելուի համար:

Խորհրդատվական հանդիպումների ժամանակ ուշադիր լսելով, դիտելով, զննելով և հարցեր ուղղելով այցելուին՝ հոգեբանը կոնկրետացնում, հստակեցնում է նրա խնդրի իրական բնույթը, դրա լրջության աստիճանը, առաջացման պատճառները: Այդ ամենը պարզաբանելուց հետո հոգեբանը այցելուի հետ սկսում է քննարկել, թե ինչ իրատեսական և օպտիմալ տարբերակներ կան խնդիրը լուծելու համար:

Հոգեբանական խորհրդատվության ընթացքում այցելուին տրվում է ակտիվ դեր՝ իր խնդիրների հասկացման, լուծումներ փնտրելու և որոշումներ կայացնելու հարցում: Պատրաստի խորհուրդներ, լուծումներ և գնահատականներ տալու փոխարեն հոգեբանը հատուկ խոսքային տեխնիկաներով և մեթոդներով ակտիվացնում է այցելուին՝ իր մեջ փնտրելու շատ հարցերի պատասխանները, վերանայելու իր դիրքորոշումներն ու արժեքները, այլ դիտակետից նայելու իր կյանքին և ներաշխարհին, առավել լայն և համակողմանի ճանաչելու սեփական Ես-ը: Հոգեբանը բարձրացնում է սեփական կյանքի և որոշումների նկատմամբ այցելուի պատասխանատվության զգացումը, ինչպես նաև իր կյանքի միակ տերը լինելու գիտակցումը: 

Հոգեբանն առանջնորդվում է այն սկզբունքով, որ անկախ և պատասխանատու անձը համապատասխան իրավիճակներում ի զորու է ինքնուրույն որոշում կայացնել, հետևաբար՝ նա խրախուսում է այցելուի ազատ կամքի դրսևորումը:

 

Ծառայության արժեքը սկսած: 15000 AMD
Սպասարկման միջին ժամանակ: 50-60 րոպե
Կատեգորիա: Հոգեբանանություն
Կարծիքներ
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ: